ցնդաբանություն

թիթեղյա


վերջապես գյունտեռ գրաս եմ կարդում։ հուռեյ։ թեթև բան էի փնտրում, որ ցրվեի։ փոխարենը թիթեղյա թմբուկի վրա մնացի, որովհետև շտապ լսելիք էի գցում հեռախոսիս մեջ։ հայերեն թարգմանության մասին վատ արձագանք եմ կարդացել։ մտածում եմ տենաս կձգե՞մ մի օր գերմաներենով կարդալ։ իրատեսորեն՝ դժվար։ բայց ինձ հաճելի ա դժվար թե լինող իրականությունը պատկերացնել

հետաքրքիր բան ա մարդկանց հաճույքը պատմություններից։ մակաբույծի նման իմ հոգին պատմություններով ա սնվում։ որ հարցնեն՝ ինչն ա ոգեշնչում քեզ։ ուրիշ արվեստը։ վատ ու լավ։ լավը պարզ ա։ վատը համարձակությամբ ու հում (raw) պատմություններով։ ո՞ւր փախնել իրականությունից։ չեմ հասկանում մարդկանց, որ դոկումենտալը գերադասում են / գերակայում են հորինված պատմություններին։ մարդկությունը գոյատևել ա հորինված պատմությունների հաշվին։ մենք պարտավոր ենք նորը հորինել եկող մարդկանց համար։ եկող սերունդը կանգնել է հերթի։ ես ասում էի, չէ՞ որ նա լավ է պարում իհարկե, հայ կոլա կյանքդ կդառնա խնջույք

գրողն էլ ոգեշնչման հետ, երբեմն մտածում եմ, որ էս երաժշտությունը լսելն արդարացնում ա կյանքը։ որ էսինչ հեղինակին կարդալու համար արժի էլի ապրել

սաղ ալբոմը լսեմ նոր գնամ

էս բլոգի ենթավերնագիրը պետք ա լիներ՝ միշտ նույն բանի մասին ։)

ցնդաբանություն

գիտակցումը


գիտակցումը, որ ես պարտավոր չեմ լավը լինել, մի ժամանակ ձեռքբերում էր ինձ համար։ ու տենց մենք պարտավոր չենք լինել ճիշտ, բարի, պոզիտիվ, ուրախ, խելոք, լավ քաղաքացի։ էդ սաղ ընտրություն ա։ իր պլյուսներով ու մինուսներով։ բայց չկա պարտավորվածություն։ մենք անձնապես չենք ստորագրել ոչ հասարակական պայմանագիրը, ոչ էլ մոսվեսի սալիկները։ կարելի ա ընտրել դա, որովհետև ձեռնտու ա։ բայց երբեմն էլ ձեռնտու չի, կամ ուրախ չի, կամ էսթետիկ չի ու ձանձրալի ա։ միգուցե սիրունն ինձ ավելի ա դուր գալիս, քան ճիշտը։ միգուցե էսթետիկորեն գրավիչը ավելի ա նախընտրելի ինձ համար, քան ձեռնտուն։ բարոյականությունը հաճախ չափազանցված ա՝ սահմանները բրդած են մինչև բուգդ, որ չկարանաս շարժվես։ ու միգուցե էդ բգիդ հասած բարոյականությունն էլ նվազ նախընտրելի ա, քան հետաքրքիրը։

ցնդաբանություն

մի երկու տարի առաջ գրել էի, որ գրքի հերոսներից Սամգինն եմ, բայց էդ դեպքում ինչի՞ եմ էդքան ինձ զգում, ինչպես Կալը։ զիբիլ ուտելիքով, կոֆեով գործի նստել ու գիտակցել, որ դու ինքդ քո պատմության հակահերոսն ես։ ինքդ քո հանդեպ։ միշտ փորձել փրկել սիրելիներիդ ու միշտ ֆեյլ տալ։ չհաջողել, ինչ սիրուն բառ ա։ ոնց որ գերմաներեն շտեռբենն ա ամենալավ բոլոր իմ իմացած լեզուներից ամփոփում մահը։ աստվածներ Սամգինը իրական հակահերոս էր գրված։ ամեն ինչ քո վրա վերցնել։ ինչքան ա շատ օգտագործվող լեզուն մեր մեջ մտնում։ մի ժամանակ միտք ունեի, շատ բանալ միտք, համաձայն եմ, պատմվածք գրել որևէ վերացական կոնցեպտի մասին, ասենք հավատքի, որ մարդկանց մեջ ա մտնում ու տարածվում բակտերիայի նման, վիրուսի՝ ասենք արիդականության համար։ պատմվածքն իհարկե չգրեցի։ փոխարենը լեզուն ա ոնց որ մեր մեջ մտնում ու մեզ օգտագործում կոմունիկացվելու համար։ մահ բառը շատ կոկիկ ա ու շատ անտարբեր, էն սարսափի ու անհուսության հանդեպ։ ինչքան շատ բան ա գիտակցումը։ ու ինչքան քիչ բանի ա ձգում

օրագրային

մրցակցակայնություն


քանի օր ա (ես հստակ գիտեմ քանի օր ա, տասից ավել, երեքով) գերմաներեն եմ պարապում դուոլինգոյով։ երբեք չեմ հավանել էդ կայքը տարբեր հիմա ոչ էական պատճառներով։ բայց ուզում եմ մրցակցության մասին գրել։ հիմա կայքում մի քանի ֆունկցիա են ավելացրել, որ ավելի մրցակցային ա դարձել սովորելը։ ավելի զգալի մրցակցային, քան առաջ։ հա, շատ եմ մրցակցային բառն օգտագործում, բայց ասեցի, չէ՞, որ ուզում եմ մրցակցականության մասին գրել։ մրցակցայնությա՞ն, թե՞ մրցակցականության։ ինչևէ, դուք հասկացաք։ ու հիմա դրած ակտիվ պարապում եմ, փորձում եմ խարդախություն չանել ու իսկապես պարապել, քանզի էդքանը ջոկում եմ, որ անիմաստ ա խարդախություն անելը։ բայց առաջ էսքան չէի պարապում ու գիտեմ, որ մրցակցության պատճառով ա։ ու տենց բացահայտել եմ, որ ահավոր մրցակցային եմ։ հեհե, բացում ա էս բառը աղավաղելով հոլովելը կամ ինչ֊որայա որ անում եմ։ ու գիտակցում եմ նաև, որ էդ մրցակցականությունից եմ հաճախ ինձ վատ զգում, երբ չեմ հասնում ծանոթներիս (անծանոթներիս էլ ավելի հաճախ) տեմպին կամ նվաճումներին կամ հաջողություններին կամ թեկուզ կյանքի դինամիկային ու նույնիսկ ծննդով պայմանավորված ու պատահական, ոչ մարդածին, մեր կողմից անազդելի պայմաններին։ ու նաև գիտեմ, որ լիքը բանով հասնում ու անցնում եմ որոշ ոլորտներում շատերին, բայց դա իհարկե բանի տեղ չեմ դնում ու իմ մրցակցականության աղյուսակում չռթիկ չեմ դնում, որովհետև ի՞նչ մրցես մի տեղ, որտեղ առանց էդ էլ լավ ես ու հեշտ ա ստացվում ինչ֊որայա որ ստացվում ա, կամ էն ինչի վրա, որ չես ազդել, քանի որ բնածին ա ու պատահական, ոչ ազդելի։

էս սենց խորքային համոզմունքների մասին

ցնդաբանություն

չարտահայտվող


ես էն մարդն եմ, ով թսսան մեկնաբանություններ ա գրում ուրիշների գրառումների տակ։ քիչ առաջ ուզում էի գրել՝ ապրելն ա բռնության տեսակ։ կանգնացրի ինձ։ չարտահայտվեցի։ սակայն մեր ողջ քաղաքակրթությունը արտահայտվելու մասին ա, չէ՞։ կուզեի գրել՝ արտահայտվելու մասին ա, չի՞։ ու չնայած դրան ինչ քիչ ենք մենք ուշադրություն դարձնում արտահայտվելու ձևին։ էդ էլ՝ չէ, լավ էլ դարձնում ենք։ բայց երևի ոչ էն բանին, ինչ իրականում հետաքրքիր ա։ փաստն էն ա, որ հա ասում են ասա, անկեղծ էղի, աուտենտիկ էղի, էղի ինքդ դու կամ դու ինքդ, բայց հենց լինում ես, չեն ուզում տենցը լինես։ որովհետև մենք պատրաստ չենք ուրիշների խորխորատներին։ մենք մեր անդունդներից հազիվ ենք մագլցում, էլ ուր մնաց ուրիշներից։ ասածս ինչ ա՝ էդ բուլշիթ ա անկեղծության մասին, ոչ մեկ ձեզնից անկեղծություն չի սպասում։ սպասում են միայն ուրախություն, կենսախնդություն ու երջանկություն։ էն էլ սահմանափակ, հանկարծ շատ չլինի, պարկեշտ սաղ, չափի մեջ, ոնց ընդունված ա։ անկեղծությունն էլ էնքան, որ վերահսկողությունը չկորի, իրանք դեմքը չկորցնեն, իրավիճակը չփոխվի, սահմանները չխախտվեն, արժանապատվությունը չխանգարվի։ զգոն եղեք։

ցնդաբանություն

թռնող


ուզում եմ թռնել, բայց ոչ թե ոնց որ ուրիշներն են ուզում, այլ կյանքից։ ուզում եմ թռնել անցյալ տարին ամփոփելուց էլ։ նախանցյալ տարին գրքերով էի ամփոփել, կարծես, կարծես նախանցյալ տարին էր։ էս տարի հիմնականում աուդիոգիրք եմ լսել, միակ գնահատածս գիրքը մեկ աստղ ա ստացել հինգից, անկեղծորեն՝ տասնհինգից էլ կստանար մեկ աստղ, հարյուրից արդեն միգուցե մինուս մեկ։ տարվա բացահայտում հեղինակը Շիրլի Ջեքսոնն էր։ Հիասթափությունը՝ Պելևինը։ նայում եմ գրքերիս ու հիշում, թե որ գիրքը որտեղ եմ լսել/կարդացել, ինչ անելուց, ինչ տրամադրությամբ։ ամենակարևորը՝ թե ինչ դրդապատճառով եմ սկսել էդ գիրքը կարդալ։ էս տարի որոշել եմ ավելի ինտելեկտուալ բաներ կարդալ, հին պլանավորածներից։

էս վերջերս սկսել եմ պատմվածքներ ավելի հավեսով կարդալ, առաջ մի տեսակ վերապահումով էի կարդում։ հիմա հեռախոսով գրեթե միշտ պատմվածքներ եմ կարդում, քանի որ վեպ կարդալը շատ կցկտուր ա ստացվում հեռախոսով ու հարամ ա լինում։ բայց օրինակ հիշում եմ Տասլտայայի նեկիսը էն հին նոկիայի կոճակներով հեռախոսով եմ կարդացել սկզբից մինչև վերջ։ ու հեչ վատ չէր։ բայց էդ շուտ էր։ հիմա լավ պատմվածքները դզում են, Շիրլի Ջեքսոնից էլ հենց Լո՛թերին եմ կարդացել՝ պատմվածքների ժողովածուն։ ու ինքը շատ թույն ա գրում՝ իրականության մասին, առանց սարսափների, առանց արյան ու բռնության, բայց կարդում ես հասարակ կյանքի էդ պատկերները ու իրականության չասված շերտից սարսռում ես։ ինչպես և կյանքում սակայն։ էդ առումով շատ միստիկ ա գրում, առանց միստիկայի։ լռիվ բնազնդրի մասին, առանց բնազդների։ ու շատ զգացվում ա, որ Գեյմանն իրանից ա ազդվել։

հենց հիմա էլ Գեյմանի սմոք ընդ միրրըրզն եմ կարդում։ հիմնականում կախարդանքի մասին, միստիկ պատմվածքներ են։ մեկը հատկապես շատ դուրս եկավ։ հեսա հղումը՝ Shoggoth’s Old Peculiar

 

ցնդաբանություն

պրիմիտիվացնում եմ


մենք անընդհատ պրիմիտիվացնում ենք ուրիշների դրդապատճառները։ բռնացրեք ձեզ դրա վրա։ կտենաք։ մերն էլ ամբողջությամբ հասկանալը բարդ ա, լավ անալիզ ա պահանջում։ բայց մենք նաև սիրում ենք պարզացնել ուրիշներինը։ դա տենց հոգևոր նուրբ առավելության նուրբ զգացում ա պարգևում։

նրանից ա, որ մենք համարում ենք, որ եթե դիմացինն ունենա նույն ելքային դրույթները, ապա կանի նույն հետևությունները, ինչ՝ մենք։ ուրեմն կամ չի հասկացել կամ դեբիլ ա։ որովհետև ենթադրում ենք, որ մնացածը իր մեջ կամ նույնն ա, ինչ մերը, կամ էնքան պարզ ա, որ առանձին դիտարկման արժանի էլ չի։ դրա համար պետք ա հետ գնալ մի քայլ ու նախանախադրույթները հասկանալ։ բայց էդքան ժամանակ ու հավես ու հետաքրքրություն ուրիշի մեջ ով ունի։ հեն ա կհամարենք, որ չի ջոկում ու մեզ՝ որպես ջոկող, լավ կզգանք։ հակառակ դեպքում բախվելու ենք մեր աշխարհայացքի պայմանականությանը, իսկ եթե նույնիսկ սա գիտակցում ենք ու համաձայնում դրան անկարևոր բաների վրով, ապա ամենակարևոր կետերում սա չենք ուզում ընդունել։ ու արի ու ընդունի, որ քո սկզբունքները, որոնցով քանդել ես քո կյանքը, պայմանականություն են, որ քո ես֊ը, որ հավաքել ես ու ինքդ քեզ համոզել էսքան վախտ, որ դա ա ու անփոփոխ ա ու անպայման ու անքակտելի, պատահականություն ա ավելի շատ, քան անքակտելիություն

ցնդաբանություն

իրականում կյանքում


իրականում կյանքում մենք տենց շատ ընտրություն չունենք։ մի քանի առանցքային ընտրություն, որ անում ես հետո ընտրություններիդ թիվը կտրուկ նվազում ա։ էդ երկրորդ կարգի ընտրություններն էլ, որ դեռ մնում են, էդքան որոշիչ չեն ու մեկ ա հիմնական ընտրության գցած հունով են հոսում։ էլ չասած, որ ամենասկզբում, երբ դեռ կարող ես մի բան փոխել, էդ ընտրությունները արդեն նեղացած են դրսի պատահական պայմաններով։ բայց դե էդ էլ ա մեզ շատ, էսքանի տակից էլ ենք հազիվ դուրս գալիս

ցնդաբանություն

փակել և ընդունել


ինչպես քուքիների տուփը զգուշացումը կայքերում, այնպես էլ լիքը խնդիրներ, որոնց լ ակ չունես ու չես կարող լու ել։ երբ տաստատուրիդ  տառը չի տպում, էդ ժամանակ ես սկսում լիքը դրանով բառեր օգտագոր ել տեքստերումդ։ ո՞նց եք դուք դեռ պլաններ կազմում։ ես էն մարդն եմ, ով Կասպարովի ու համակարգչի 96 թվի մարտի ժամանակ համակարգչի կողմից քայլերն էր անում։ ես օլիմպիկ խաղերի էն ամենօրյա 360 հեռուստադիտողներից էի, ում հեռուստացույցը պատերազմի ժամանակ տարան հիվանդանոցում օգտագոր ելու։ ու ես էն երկրի բնակիչն եմ, որը միանգամից փոքրացավ ու սեղմվեց տելեգրաֆներից, հեռախոսներից ու ցանցից ու էլ տեղ չմնաց շնչելու։ ոնց եք դուք դրանից հետո դեռ երազում։ փակել ու չմտա ել, ինչպես քուքիների ամանը

ցնդաբանություն

անցյալ ապրիլից լևի ստրոս


բոլորը գիտեն, որ հերոսը
պետք է սպանի վիշապին
բոլորը հիշում են, որ Սֆինքսը
երեք հանելուկ գուշակեց (հակառակը բառը էլի)
Էդիպին (մտադրված հե՞շտ)
ոչ ոք չի հիշում, որ
Էդիպը սպանեց Սֆինքսին,
ավելի հազվադեպ է հիշատակվում,
որ նույն Սֆինքսը
the third column refers
to monsters
being slain
the might itself
provides its own context

ումի՞ց եմ ծնվել
ինչպե՞ս երկուսից
կարող է գոյանալ մեկը

ցնդաբանություն

ծիծաղս, խոսքն ու շաքարավազ


էսօր երազումս բարձր֊բարձր ծիծաղում էի։ ծիծաղում էի երազիս մյուս մասնակիցների վրա ու մտածում, թե սենց բան էլ կլինի՝ երազում մարդ ծիծաղա երազի դերակատարների վրա։ ինձ թվացել էր, թե արթնացել եմ այդ ժամանակ։ բայց երբ արթնացա իսկապես, հասկացա, որ այդ ժամանակ էլ էի քնած։ հասկացա նրանից, որ այն ժամանակ հիշում էի, թե ինչի վրա եմ ծիծաղում, իսկ հիմա էլ չեմ հիշում։ իսկ երազում դեռ մտածում էի, որ այ վեր կկենամ առավոտյան ու անպայման կգրեմ ծիծաղալուս ու դրա պատճառի մասին, ու թե ոնց էին երազի մարդիկ զարմացած նայում իմ վրա՝ մի քիչ նեղված, որ ես եմ երազ տեսնողը, որ ես եմ մետամակարդակում։

անցյալ օրն ուզում էի գրել խոսքի մասին, թե ինչ ուժեղ բան ա ու որ ռուսաստանում բոլոր բոլոր հանցագործություններից ամենաուժեղը հիմա խոսքի համար են հետապնդում ու պատժում, ու որ նիկոլը միայն խոսքով կարողացավ հասնել էսքան բանի, որովհետև ոնց կասեին մեր բանակի պրոպոգանդիստները՝ խոսքը զենք ա։ մեկը տենց մի տեղ մեկնաբանել էր՝ իմ կրթությունը զենք չի։ ուրիշ գրառում՝ ինչքան եմ ես դեմ մշակույթի ռազմականացմանը, ինչքան հետընթաց կա դրա մեջ։ մի այլ գրառում՝ ու գրականությունը ամենավերլուծականն ա արվեստներից, ու ինչքան էլ այլ կինո նայես լավ կինոմեյքեր չես դառնա, քանի դեռ չկարդաս, ամեն ինչից չկարդաս ու հատկապես գեղարվեստական չկարդաս։ ու երբ մեկն ասել էր, թե ափսոսում ա գեղարվեստականի վրա ծախսած ժամանակը, իսկ ես ափսոսում եմ գեղարվեստականի վրա չծախսած ժամանակս անկախ պրագմատիզմից, ի հեճուկս տրամաբանության, ի վնաս ինձ։ ևս մի գրառում մենակությունը գնահատելու ու բլոգում գրելու մասին, որ ես գրում եմ այստեղ քիչ արձագանքի շնորհիվ ու չեմ սիրում մեկնաբանություններ ստանալ, նույն պատճառով էլ սիրում եմ օրագիր վարել, միայն մենակությունն է անկեղծություն պարտադրում։ կան փուլեր՝ սկզբից բոլորը խոսում են, որ սիրում են մենակություն մինչև այն ճանաչելը, հետո տառապում են մենակությունից, երբ իսկապես մեջն են ընկնում, հետո, հետոյվա համար պետք ա հետ չփախնել։ կա օրհնյալ ալարկոտություն, երբ շաքարը՝ կեսից ավելին կաթով լցված կոֆեի մեջ հենց տուփից ես լցնում, որովհետև գդալը մոռացել ես մյուս սենյակում ու հետ չես գնալու։

բա էդ դեպքում ինչի՞ ես փաբլիք ընդհանարպես գրում։
որովհետև ընթերցողի հավանականությունը տեքստը սարքում ա գրականություն։

ցնդաբանություն

շոգը


անտանելի շոգ ա։ փորձում եմ գործ անել երկու միացված եռացող կոմպի կողքը, ու ինքս չեռալու համար պարբերաբար գնում եմ սառնարանից սառը մատե եմ լցնում, խմում։ մատեն հիշացնում ա Կորտասարի գիրքն ու մտածում եմ՝ այ հիմա պետք ա կարդայի դա, իրանց մոտ էլ էր տենց անտանելի շոգ։ պարզապես իրանք սիեստա ունեին։ տուն տարբեր բզեզներ են մտնում, ստեղ ամեն դեպքում ավելի հով ա, քան դրսում։ ինչի՞ եմ ես տարիներով նենց ապրում, որ հետո գրեթե միշտ ուզում եմ չապրած լինել էդ տարիները։ ինչի՞ ես դա հասկանալով, չեմ փոխվում։ շոգը ինքնազննման ա տրամադրում։ շոգը նստացնում ա

ցնդաբանություն

հետ գալը


գիշերվա հազարին նոր քաղաք վերադարձած քո կանգառը բաց թողած կայարանում ապառատից առած խռթիկապատ ֆստխից ու պեպսիից համով բան չկա։
հեծանիվը մի քանի տեղից խփել էին։ Պետրն ասում էր՝ ես ծանոթ ունեմ, ով տանում այ սենց, ու ձեռքով հատուկ նուրբ սիրուն մտածված շարժում էր անում, ասես՝ հեծանիվը ղեկից բռնած հանձնում ա, այ սենց հեծանիվը հանձնում ա օդանավակայաններում ու քանի որ տեսնում են, որ հեծո ա, զգույշ են լինում։ չի էլ փաթեթավորում։ Սաշան էլ ասեց՝ ինչի՞ ես էդ կպցնում, իզոլենտով ղեկը փաթաթելու մասին էր, մեկ ա բան չի լինի։
Սաշան չորսիս ու հեծոն տարավ ինստիտուտի մոտի արհեստանոցի մոտի հեծանվային գործիքների կետի մոտ։ ճանապարհին հարցնում ա՝ դուք թռնելուց վախենո՞ւմ եք։ բա իզուր։ համացանցի վիդեոներից, որտեղ մի կին քաշվել էր պատուհանի մեջ։ բայց յութուբը մահերը միշտ կտրում ա։ հետո օդանավում մատնացույց էի անում իմ ճաքած պատուհանը ու ծիծաղում էինք։ Պետրը գլուխը հանեց պատուհանից ու սկսեց դիմացի ավտոյի պատուհանից պտտված կլորադեմ շունիկին ձեն տալ։ չտեսան՝ ում ա շվացնում, ասում են՝ աղջի՞կ ես կպցնում։ ասում ա՝ սուչկա, քշի էդ սպիտակ ավտոյի հետևից։ բայց ավտոների արանքը այլ ավտո մտավ
քանդեցինք ու ակերը կպցրեցինք կորպուսին, իսկ պեդալները գցեցինք պայուսակը։ հետո օդանավակայանում՝ անցակետում մեզ կանգնացրին ու պայուսակը ստուգեցին։ ստուգողը, որ 45ն անց ականջօղով ու գերմանիայում այդքան սիրված֊տարածված բեղիկներով տղամարդ էր, ժպտալով ու հեծանվի պեդալները ակնարկելով ասաց՝ սրանցից ամեն օր չի լինում մեզ մոտ։ զենքի մասի են նման, ու ցույց էր տալիս էկռանին։
էն տղու հեծոն միշտ անվնաս էր իրան հասնում, մեր հեծոն մի քանի տեղից քերծել ու խփել էին։ հետ հավաքեցինք օդանավակայանի դիմացը կանգնած, հեծանիվի տոմս առանք, ու երևի ես առաջին անգամ տոմսը դակեցի մինչև տրանսոպրտի գալը։ ավտոբուսն եկավ ու պարզվեց, որ հեծո չի կարելի բարձրացնել էդ կարճ ավտոբուսների մեջ։ մոտակա մետրոն կես ժամ հեռավորության վրա էր ու քայլեցինք։ երկար գիշեր էր։ քայլեցինք տեղերով, որ Պրահայում Իկեա գնալու ճանապարհն էին հիշացնում։ մի քանի հեծանվորդ անցավ կողքներովս։ մետրոյում դիմացս նստած տարիքով տարօրինակ հավես ու մի քիչ խղճահարություն առաջացնող զույգը՝ կինը Բյորտնի մուլտերի շապիկով ու պայուսակով էր, տղամարդը՝ մետալիստական կաշվից ժիլետով, նիհար ու բեղերով, անգլերեն խոսացող արաբները, որ անսպասելի թռան մի կանգառում, ռաստամանները՝ գետնին նստած, գրկված ու մանկության մեջ մնացած։
֊ էս մեր կանգառն ա
֊ չէ, մերը չի
֊ զոնենալեե, մերն ա
֊ չէ, հետո ավելի մոտ ա գնում
հետոն հեռանում էր մեզնից 40 րոպեով։ պեպսին ու ֆստխը օգնեցին մի քիչ արթնանալ ու հասկանալ, որ ոտքով պետք չի գնալ։ s9֊ը եկավ քիչ հետո։ իսկ հեծանիվի պեդալները մինչև հիմա հետ դրած չեն ու ակերը փչած չեն։

ցնդաբանություն

գիշերային


գիշերվա կեսին ռենդելուց, երբ գիտես, որ մեկ ա ավարտելուց հետո սխալներ ես գտնելու ու արդեն հույսդ կտրել ես շուտ վերջացնել, երբ ծրագրի վերևի պանելը փակվել ա ու ժամանակ ու ուժ չկա բզբզալ, իսկ ամենակարևորը ցանկություն, թե ոնց հետ բերել, սխալը կտուտակվում ա սխալի վրա ու դառնում ա անլուծելի թնջուկ պանակը պանակի մեջ պանակը պանակի մեջ պանակը։ ուղղումների անվերջ շղթա։ մենք պետք է սիզիփոսին երջանիկ երևակայենք

ցնդաբանություն

գործարանային


գործի մեխանիկական մասին զուգընթաց սերիալներ եմ նայում (լսում հիմնականում), որովհետև մենակ ձանձրանում եմ։ Սերիալների վրա կանգնեցի, որովհետև ավելի իմաստալից բաները շեղում են գործից, ամեն երկու ժամը մեկ նոր կինո փնտրելը ժամանակատար ա, երաժշտությունն էլ հոգնացնում ա։ ու հետո զգում եմ, թե ոնց ա գլուխս ծանրանում, ու նույնիսկ խանութ քայլելուց չեմ ուզում աուդիոգիրք լսել, ականջակալներս տանն եմ թողնում։ իսկ հետո չեմ կարողանում ուշադիր լինել ու երկար գիշերներն արթուն մնալ, ոնց որ բամբակի մեջ լինեմ։ հիշում եմ՝ էս արտահայտությունը դասարանցի մի աղջիկ էր օգտագործել ուսուցչանոց մտնելու պահը նկարագրելու համար։ ես չէի հասկացել՝ ինչ նկատի ունի, չէի պատկերացրել, բայց ասել էի՝ հա, տենց ա։ մինչև հիմա չեմ հասկանում լարվածությունից, եթե ենթադրենք, որ լարվում էր ուսուցչանոց մտնելուց, մեր սերունդը տենց բաներ ուներ, ինչի պետք ա բամբակի մեջ լինես։ ես բամբակի մեջ եմ լինում բժժելուց ու հոգնելուց։ ու ոչ մի բան անելու ցանկություն չի մնում

ցնդաբանություն

պարզ նոստալգիկ


նոստալգիկ եմ բլոգ գրելու հանդեպ։ ու երևի կարոտում եմ էն մարդկանց, ում հետ շփվում էի, երբ գրում էի ու էն վիճակը, որը կար։ բայց չեմ կարում վերադառնալ։ շպալիկովի բանաստեղծության նման՝ երբեք մի վերադարձիր հին տեղերը։ չեմ կարում գրել, չեմ կարում շփվել։ էն ժամանակ բավական վատ էի զգում։ ինչքան էլ հակված ենք վատը մոռանալ՝ միայն տխրությունն ա մնացել։ բայց նոստալգիան կա։ ինչի՞ հանդեպ։ հնարավորությունների կանխազգացումի՞։ դա էլ հաճախ չկար։ ստեղծագործական ընկալման ու տրամադրվածության միգուցե։ մտածելու ազատության։ այ դրան եմ ուզում վերադառնալ։

պատմվածքներ

***


Գնաց, գլորվեց ու ընկավ։ Գլորվեց, գլորվեց ու հասավ պատնեշի։ Պատնեշից մի թեթև հետ թռավ ու փափուկ կպավ նորից։ Կանգ առավ։ Թռա՜վ, թռա՜վ։ Կաթնային գետերի՜, շոկոլադե անտառների վրայո՜վ։ Թռավ ու կորավ։ Փախավ անհունից ու դատարկությունից։ Մոլորվեց ու ընկավ անհայտ տեղերում։ Ընկավ անհունի ու անհայտության մեջ։

Զարթնեց։ Էլի քրտինքի մեջ կորած։ Արագ հոտ քաշեց շապիկի թևատակից։ Արդեն 10 անց էր։ Էլի ուշ էր զարթնել։ Տաք վերմակի տակից հանեց աջ ոտնաթաթը։ Արագ երեք պտույտ արեց անկողնու վրա ու էլի քաշեց ներս։ Վարագույրը մի կողմ էր քաշած ու անձրև էր գալիս։ Փորձեց ոտքով հասնել վարագույրին ու փակել լույսը, բայց անարդյունք։ Արագ անկողնուց դուրս եկավ, մի ցատկով հայտնվեց պատուհանի մոտ, փակեց վարագույրն ու նույն արագությամբ սողաց հետ տաքության մեջ։ Հիմա միայն կտուրին խփող անձրևի ձայնն էր լսվում։ Փորձեց քնի։ Չստացվեց։ Առաստաղին սառած նայելով՝ փորձեց հիշի, թե ինչ երազ էր տեսել։ Չհիշեց։ Ոտնաթաթերը հանեց վերմակի տակից ու կախեց անկողնու երզրից։ Անսպասելի հաճույք ապրեց սառնությունից։ Ոտքերը դուրս կախեց ու մորթոտ հողաթափերը շոշափեց։ Մեկը հեռու էր թռել։ Անձրևի աղմուկը դանդաղում էր։ Կտրուկ վեր կացավ ու ջեմպրը գլխին քաշելով՝ բացեց պատուհանը։ Մանր կաթիլները սկսեցին կաթկթալ պատուհանագոգին։ Գլուխը դուրս հանեց ու խոր ներշնչեց թարմ գարնանային օդը։ Ավտոներն այս ու այն կողմ էին անում փողոցում ուշացած աշխատանքային ժամին բնորոշ շտապողականությամբ։ Ձեռքն ակամա տարավ տաքացուցիչին։ Սառն էր, մոռացել էր, որ արդեն սկսել է չվառել։ Հագավ շալվարն ու պատուհանը մոռացած դուրս եկավ սենյակից։

Գնաց, գլորվեց, ընկավ։ Գլորվեց, գլորվեց ու հասավ պատնեշի։

պատմվածքներ

կարմիր գլխարկը


Գնաց տուն ամենաերկար ու ոլոր֊մոլոր ճանապարհով, ամենամութ, շրշյունից ծանրացած ճյուղերի տակով։ Հով էր այնքան, որ կարելի էր ասել, թե ցրտոտ ա, բայց անտառի կողքը անց կացրած կյանքը սովորեցրել էր բաղաձայն քամիներին։ Մթությունն աչք էր ծակում ջրի կեղև պատած տերևներից արտացոլվող փայլով։

Ուշ էր արդեն։ Քունը տանում էր, ու նա հաճախակի ձգվում էր ակամա հորանջի մեջ։ Ոտքերն իրանք իրանց էին գնում՝ ռիթմիկ օրորելով, քնացնելով գիտակցությունը ու մոռացնել տալով այս ուշ ժամին տնից հեռու լինելու բնական անհանգստությունը։

Անցավ եռալանջ բլրակի կողքով, որտեղ անցորդները սովորություն ունեին կրակ անելու ու տաքանալու նմանատիպ գիշերներով։ Բայց այս գիշեր բլրակի լանջերը դատարկ էին։ Իսկ հեռվից լսվում էին անոթի գայլերի ձայները։ Գայլերին սկսվող գիշերվա մեջ առաջին անգամ լսելով՝ նա ուշադրությունը չկորցնելու համար առանց մտածելու կանգ առավ, մեխանիկորեն ուղղեց կարմիր գլխարկը, որ մայրն էր գործել հոր հին սվիտերից ու խորը շունչ քաշեց։

Հիմա դուք կմտածեք, թե սա նույն հին հեքիաթն է, որ կրկնվում է նորից ու նորից, բայց ես խորհուրդ կտայի՝ չշտապել ու ականջ դնել։ Ականջ դնել գիշերային ձայներին։ Գիշերը ձայներն ավելի հստակ ու պարզ են լսվում։ Գիշերն ավելի հեշտ է տարբերակել առանձին ձայնը տիեզերական շրշյունից։ Ականջ դրեք դժգոհ գայլերին, անհանգիստ ծառերին ու հողի անցուդարձին։ Գիշերը բնությունը սկսում է խոսել իր հարազատ, նախապատմական լեզվով։ Աղջիկը դա գիտեր նախահայրերի մասին փոքր ժամանակ ականջի ծայրով լսած ու հիմա արդեն մոռացված հիշողության նման։

Գայլերը լռեցին։ Մեկը մնաց։ Աղջիկը տեղից պոկվեց ու քայլեց ավելի արագ, քան առաջ։ Հիմա արդեն ճամփան երկարացնելու ցանկությունը փոխարինվեց տանը մոր կողքը գտնվելու բնազդային ձգտումով։ Տատու տուն գնալուց արդեն դիպվածի մեջ էր ընկել ու հիմա էլ չէր ուզում, որ նույնը կրկնվի։

Անցավ անտառի վերջին ծառերի տակից։ Հիմա արդեն տան ուրվագիծն երևում էր հեռվում։ Միհարկանի փոքրիկ խրճիթը մի կողմ էր ծռված գյուղական աշխատանքից տարիներով հոգնած պառավի նման։ Տունը չափի մեջ ծխում էր այնքան, որ ամեն ինչ կարգին լինելու զգացում էր տարածում։ Աղջիկը նոր հիմա մտածեց, թե ինչպես է պատմելու մորը ճանապարհին ու տատու տանը պատահած դեպքերի մասին և պատմելու է արդյոք։ Մի օր մայրը շատ հավանական է, որ կգնա տատու տուն, ինչքան էլ որ նրանք չեն շփվում, և ամեն ինչ կիմանա։ Կամ կկռահի հենց այս գիշեր աստղերի դասավորությունից, իրենից եկող տտիպ խոտահոտից, աղաղակող կասկածելի լռությունից։ Վերջիվերջո փայտահատը կարող է գլուխ գովալ բաժակի վրա հոգնած հակված, և շուտով նորությունները արագորեն կտարածվեն շրջակա գյուղերում։ Այդտեղից էլ մի քայլ է մինչև մոր ականջը։ Գաղտնիքները ձգտում են տարածվել ու լղոզվել իրենց ներքին էությունից ելնելով։ Գաղտնիքները գիշերային աղաղակների նման են տարածվում քար կտրած նատյուրմորտում։ Եվ մի քանի րոպեից տուն հասնելուն պես պետք էր խոսել մոր հետ, պետք էր առաջինը լինել տեղեկության տարածման անխուսափելի շղթայում, լինել նախահիմնադիրը անվերջ քարկապների, որ այսուհետ լող կտան անթիվ անհամար տներով։ Պետք էր պաշտպանվել։ Այդ մտքից աղջիկը տեղում մեխվեց։ Գիտակցելով առաջ գնալու անհրաժեշտությունը՝ նա չէր կարողանում ստիպել իր մարմնին հնազանդվել։ Ժամանակը թանձրացել ու քաղցրաշիրայի նման հոսում էր՝ լիզելով նրա անիծյալ մաշկն ու ցանկությունները ու նախորդ գիշերվանից մնացած հոտերը և գայլերի սուր ոռնոցները, օտար մարմնի տաքությունն ու գլխապտույտը ու արագ֊արագ շշնջած խոսքերն ու արդեն մոռացված ոտնաձայները։

Գայլերը լռել ու սպասում էին ավարտին։ Միայն մեկն էր անսփոփ ոռնում։ Գնալով ավելի ու ավելի մոտիկից էր լսվում նրա կեղծավոր տխուր մենությունը։

պատմվածքներ

աղվես ու դաշտ


Խոտը չորացած խատուտիկներով էր բուրում։ Արևի տակ ճռթճռթացող հյութալի խոտի սրածայր տերևները խուտուտ էին տալիս արագ֊արագ միմյանց փոխարինող թաթերը։ Աղվեսը մի քանի մետրը մեկ գլուխը ծուռ կանգ էր առնում ու իր կենդանական բնազդային սուր գիտակցությամբ ուշադիր լսում էր հողի տակի իրարանցումը։ Հողը տռզած էր ողջ տարի կուտակված հյութերից ու իր մեջ բզբզացող միջատների, մանր֊մունր անհանգիստ կրծողների գործունյա կյանքից։ Փոքրիկ սուրճանկ թաթերի ամեն մի փափուկ հարվածին հողն արձագանքում էր խուլ փոշոտ թմոցներով՝ իր բնակիչներին զգուշացնելով վերևի աշխարհում կատարվող անցուդարձի մասին։ Ու աղվեսը հնարավորինս նուրբ էր թաթերը դնում գետնին, ինչպես նոր ծնած շունն է, քթով նուրբ հրմրելով, տեղավորում իր ձագերին։ Տաք կիսաքուն աշուն էր։ Հոգնած հասկերը քնատ ճոճվում էին՝ թմրած արևի շիրայոտ շողերից։ Լսվում և հանկարծակի ընդհատվում էր ճռիկների երգը, երբ աղվեսը, սուրծայր ականջները դանդաղ պտտելով, սողսկում էր նրանց կողքով։ Հետո դաշտերի զգուշավոր տենորները փոխում էինք իրենց տեղը և համբերատար վերսկսում դարեր ի վեր անփոփոխ սիրային համերգը։

Աղվեսը նմանատիպ դաշտ անցնում էր հարյուրերորդ անգամ, բայց անցնում էր նույն զգոնությամբ ու զգուշավորությամբ, ինչ առաջին անգամ՝ ուշադրությամբ օժտելով ամեն մի բլրակի, ամեն մի չկանխատեսված շրշյունի, շրջանցելով օձերի բները և երկար ու համառորեն հոտոտելով կրծողների փորած թունելները։ Ժամանակ առ ժամանակ նա պոչը քաշած կանգ էր առնում, պատրաստվում թռիչքի, որսին հանկարծակիի բերելու, բայց հետո կարծես մտափոխվում էր՝ խոհեմորեն ուժերը վերահաշվարկելով կամ դաշտային մուկն էր, թաքնվում իր բնում՝ հրաժեշտի թեթևությամբ մի վաղանցիկ պահ պոչը սեթևեթանքով խաղացնելով մութ խոռոչի պռնկին։ Մանր մշտազբաղ բլոճները աշխուժորեն լցնում էին աղվեսի քիչ առաջ զբաղեցրած տարածքը, որը լքել էին վտանգի մշտարթուն զգացումից, որով կլանվում են իրենցից մեծ ցանկացած շարժվող երևույթի հանդիպելուց։ Իրենց ուժերի ու կյանքի հանդեպ ավելի ծանրակշիռ վստահությամբ տոգորվող բլոճիկները փորձում էին մագլցել աղվեսի վրա ու կառչել նրա վառ մորթուց, որն դաշտային առատ արևից ավելի էր կարմրում ու հասունանում աշնանային վառթուշ մրգերի նման։ Ինքնավստահ բզեզները պոկվում ընկնում էին գիշատչի թաթերից՝ գլորվում մեջքի վրա ու բնության աննկուն ուժերի առջև իրենց անպաշտպանությունը հիշելով՝ շտապ թափ տալիս փոքրիկ թաթիկներով, որպեսզի շուտ վերադառնան հարատև մտազբաղ կյանքին։

Ահա ցուրտ հարթավայրերի նենգ քամին, չգիտես որտեղից, մռայլաթուխ ամպեր կուտակեց իրար գլխի ու քշեց փակեց արևի աղբյուրը։ Ու սովածացած կենդանին նշամերց հացահատկեղեն կրծելուց տրզած երջանիկ մկանը, ով պետք է դառնար իր զոհը։ Աղվեսը, զույգ աչքերն ուղղած հմուտ շարժումներով լվացվող իր որսին, ողջ մարմնով ցածրացավ դեպի իր արխայիկ մեղեդին շշնջացող գետինը։ Հեռվում լսվեցին ամպրոպի առաջին դժգոհ հոգոցները։ Ուսերին սև խաչ կրող կարմիր բլոճը պոկվեց ավեսի թիկունքից ու ճարպկորեն կառչեց անհրապույր դաշտային ծաղկի ցողունից։ Պատրաստվում էր մթնել։ Անվստահ կաթեցին առաջին շեղ կաթիլները։ Բարեխղճորեն լվացվող մուկը անհոգ բարձրացրեց հետևի թաթը ու շարունակեց լիզել ձմռան մոտենալու կապակցությամբ հաստացող մորթին։ Աղվեսը ձգվեց ողջ մարմնով ու իրենից լարվածության մկանային խտացում ներկայացնելով, բայց արտաքուստ անշտապ սկսեց մոտենալ տաքության անհանգիստ կծիկին։ Մկնիկն անտեղյակ լվացվում էր ու իր ողջ տեսքով իր անտարբերությունն արտահայտում աշխարհի պատրանքային վտանգների հանդեպ։ Բայց հանկարծ նրան հասավ գիշատչի սուր շնչառության տաքությունը։ Մուկը վեր թռավ, որ ծլկի իր նախապատրաստած ծակի ուղղությամբ։ Աղվեսն այդ պահին իսկույն ողջ հասանելի արագությամբ նետվեց մկան վրա, սեղմեց նրան ժանիքներով ու լեզվին զգաց մահվան ցնցումների մեջ գալարվող զոհի անուշ արյան համը։ Մկնիկը շուտ հանգստացավ աղվեսի բերանում։ Անձրևի կաթիլները ավելի համարձակ արշավեցին խոտածածկ մակերևույթին։ Ամպերը գրավեցին երկնքի ողջ հարթությունը ու հավաքեցին արևի շռայլած լույսը իրենց խոժոռ թուխպերի տակ։ Քամին քշում էր խոտերին աղվեսի հետևից, որը որսին ծնոտում սեղմած արդեն հանգիստ ցատկում էր դաշտի չորացած ծաղիկների ու ծուռ ընկած քարերի վրայով։

օրագրային

***


Սահմանափակում եմ կարդացած գրքերս, սահմանափակ են, առանց այդ էլ, շփումներս, չեմ լսում նոր խմբեր, չեմ փորձում նոր համեր։ Սահմանում եմ ինձ։ Սահմանափակվում եմ սոց․ ցանցերից։ Երբ մարդ ա ավելանում, փակում եմ աչքերս։ Գրում են, չնայող հայացքով սահում եմ տեքստի վրայով։ Կարդում եմ խելոք գրքեր, չեմ հասկանում։ Սահմանում եմ ինձ։ Չեմ հավանում ուրիշների գրածը։ Սահմանում եմ ինձ։ Չեմ հավանում իմ գրածը, սահմանում, կտրում եմ ինձ։

Կապույտ թութակս ձանձրույթից կամ կարոտից բմբլահան ա անում իրան։ Երեկ փախել են նրա համավանդակցիները։ Նա էլ բմբուլների հետ ազատում է իրեն հիշողություններից։

Ժպտում եմ։ Ժպտում եմ, երբ չեմ իմանում՝ ինչ պատասխանել մարդկանց։ Ժպտում եմ նրանց ու մտածում նրանց մասին, ոչ՝ նրանց ասածի։

Կարդացողի կարիք չունեմ։ Էս տեքստերով ես սահմանվում եմ։

ցնդաբանություն

13


Հոգնած աստղերն պոկվում և ցատկում էին ցած՝
հոգնածությունից բարձրաձայն հորանջելով։
Դրանց քնաթաթախ տեսքից
նրա մոտ նույնպես ընկնել, պառկելու
ու բարձր դեղին խոտերի մեջ փաթաթված քնելու անդիմադրելի ցանկություն առաջացավ։

գրականություն

Կարդալիք․ «Վիճակախաղ»


«Բոլորի աչքերով նայելն է սպանում ժամանակը… Մարդկության պատմությունը յուրաքանչյուրիս՝ մեն-միայնակ նայելու ցավալի հետևանքն է։ Ժամանակը ծնվում է աչքերում ընկալվածի մեջ»։

Խուլիո Կորտասար
«Վիճակախաղ»

(Julio Cortázar, “Los premios”)

«Ինձ թվում է՝ մարդիկ դետեկտիվներ սիրում են ոչ այն բանի համար, որ դրանցում սպանում են, և ոչ այն պատճառով, որ այնտեղ վերջիվերջո հաղթանակում է նորման (ինտելեկտուալ, սոցիալական, իրավաբանական և բարոյական), իսկ չարիքը, այսինքն՝ աննորմալությունը, վերացվում է։ Ոչ, դետեկտիվ սիրում են այլ բանի համար։ Այն բանի, որ դրա սյուժեն՝ միշտ գուշակման պատմություն է։ Մաքուր տեքսով։ Սակայն բժշկական ախտորոշումը, գիտական որոնումը, մետաֆիզիկական հետազոտությունը նույնպես գուշակություններ են։ Իր էությամբ փիլիսոփայության (և հոգեվերլուծության) հիմնական հարցը դետեկտիվի հիմնական հարցն է՝ ո՞վ է մեղավոր։ Որպեսզի դա հասկանլ (ավելի ճիտշ, որպեսզի համոզել ինքներս մեզ, որ գիտենք), պետք է սկսել գուշակությունից, որ բոլոր երևույթները միավորված են որոշակի տրամաբանությամբ, այն տրամաբանությամբ, որը մեղավորն է նրանց վերագրել»։

Սիրուն պնդում է իրեն թույլ տալիս Ումբերտո Էկոն «Նշումներ «Վարդի անվան» եզրերին» իր գրքում, որն ակամա հիշում ես Կորտասարի վեպն ընթերցելուց։ «Վիճակախաղը» հետաքննություն է՝ չլինելով դետեկտիվ, որտեղ բացակայում է ոչ թե հանցավորը, այլ հանցակազմը։ Առեղծվածով է շղարշված հերոսների շահած վիճակախաղի էությունը, հերոսների հավաքվելը և նավ բարձրանալը, ճամփորդության ուղղությունը և նպատակը, նավախելի՝ փակի տակ գտնվելն ու նավի անձնակազմի անբարյացկամ վերաբերմունքը ուղևորների նկատմամբ։ Վերջիններն էլ հերոսների համար դառնում են հանցանքի որոնման և հանցավորների մերկացմանն ուղղված գործողությունների խթան։

Նրբորեն կերտված վառ կերպարներ, սեր և դեռահասական կիրք, ազատականներ և պահպանողականներ, ըմբոստություն և վիրավորված արժանապատվություն, նոր ձեռք բերված ընկերություն ու պառակտում․ ծանոթանալով յուրաքանչյուր կերպարի տեսանկյունին ծավալվող իրադարձությունների վերաբերյալ՝ մենք ականատես ենք լինում կարճ ժամանակահատվածում ձևավորված փոքրիկ հասարակության բուռն կյանքին։

Մշակութային և քաղաքական տարբեր շերտերի ներկայացուցիչ ուղևորներով, ժանտախտի մասին պտտվող լուրերով, նավախելի վրա պահվող կենդանիների մասին տեսիլներով նավը տարբեր զուգորդություններ է առաջացնում՝ հիշեցնելով, թե՛ միջնադարյան «հիմարների նավերը», որոնք լողում էին անհայտ ուղղությամբ ժանտախտավորներին հեռացնելով բնակավայրերից, թե՛ Նոյյան տապանը իր կենդանական բազմազանությամբ, թե՛ Արգենտինայի (թերևս վերացական որևէ պետության) քաղաքական կյանքը։ Սակայն հեղինակը ընդգծված կերպով ձեռնպահ է մնում բացահայտ մետաֆորաներից և բարոյախրատական ակնարկներից (թողնելով, որ ընթերցողն ինքը գուշակի).

«Ընթերցողներին կուզենայի նաև տեղեկացնել, թերևս, ինքս ինձ արդարացնելու մղումով, որ այս վեպն ստեղծելիս ես ոչ այլաբանական և ոչ էլ, առավել ևս, բարոյագիտական դրդապատճառներով չեմ առաջնորդվել։ Եվ եթե վեպի վերջում կերպարներից մեկն սկսում է աղոտ պատկերացում կազմել ինքն իր մասին, իսկ մյուսն սկսում է կասկածել, որ ի վերուստ անսասանորեն սահմանված կարգուկանոնը նրան գոյության է պարտադրում, ապա դա ընդամենը կենցաղային դիալեկտիկայի խաղ է, որը յուրաքանչյուր ոք կարող է նկատել իր շրջապատում, կամ լոգասենյակի հայելու մեջ, ամենևին չտալով դրան տրանսցենդենտ նշանակություն»։
Հետգրություն վեպին

գրականություն

Կարդալիք․ «Դղյակից դղյակ»


«Միգուցե ես չպետք է բողոքեմ․․․ Վերջիվերջո ես կենդանի եմ․․․ և ես թշնամի եմ կորցնում ամեն մի կամ երկու օրը մեկ․․․ ինձ դժվար չէ գոհացնել․․․ անո՛ւն․․․ մեկ ա՛յլ անուն․․․ կյանքում լավ բաներ կան․․․»

Լուի Ֆերդինանդ Սելին
«Դղյակից դղյակ»
(Louis-Ferdinand Céline “D’un château l’autre”)

Եթե ուզում եք կարդալ խորը, ձևով ու բովանդակությամբ ծանր, հուզական, հակասական, դառը հումորով գիրք, կարդացե՛ք Սելին։ Սելինը «ֆրանսիական մշակույթի լավագույն ներկայացուցիչներից չէ իր հակասեմիտիզմի պատճառով» հայտարարել է Ֆրանսիայի մշակույթի նախարարը 2011 թվականին։ Չնայած որ ռասիստական հայացքների, մարդատյացության համար Սելինին այսպես վերապահությամբ են մոտենում (Կամյու, Սարտր, Կլաուս Մանն), բայց նրա գրական ոճը մեծ ազդեցություն է ունեցել ժամանակակից անգլալեզու գրականության՝ մոդեռնիստների, բիտնիկների, միլլերների, բուկովսկիների գործերի վրա։ Սելինը հետսովետական տարածքում վերջերս շատ հայտնի է իր առաջին՝ «Ճամփորդություն գիշերից անդին» վեպի համար, որը դեռ 1934 թվականին Տրոցկն է ռուսերեն հրատարակել հակակապիտալիստական մտքերի շնորհիվ և որը 2 տարի առաջ նաև հայերեն է լույս տեսել։

«Դղյակից դղյակը» Սելինի ինքնակենսագրական եռագրության առաջին մասն է, որը հիմնականում ընդգրկում է Երկրորդ աշխարհամարտի վերջին տարիները ու պատմում Վիշիի կառավարության մասին, ցրտի, սովի, բանտարկության, աքսորի, անհամար մահերի, որպես բողոք գնացքի ռելսերի վրա պառկող տատիների, Սելինի պահած բազմաթիվ շների ու կատուների մասին, «որոնք ավելի հավատարիմ էին, քան ընկերներն ու ազգականները», նրա «անվճար բուժած» հիվանդների, պատմական անարդարությունների, գնացքի երեսպատումն ու վարագույրները ձմռան ցրտին որպես շոր ու ծածկոց օգտագործող փախստական նախարարների մասին։

Սելինը ընթերցողի հանդեպ նրբանկատությամբ չի տառապում ու ոչ միայն փորձում է նրան նյարդայնացնել ամեն 10֊րդ պարբերության սկզբում գրելով՝ «ես ձեզ արդեն նյարդայնացրի, չէ՞», այլև գրեթե հաջողացնում է իր անվերջ բողոքներով, սլենգով ու գռեհիկ լեզվով, բոլոր ժամանակակիցներին անվերջ ու անդադար քֆրտելով։ Կապակցված ֆաբուլային հասնելու համար պետք է հաղթահարել գրքի առաջին կեսը, որը կազմված է բողոքներից, սպառնալիքներից, երևակայան վրեժխնդրություններից ու հիշողությունների ծվններից։ Բայց երկրորդ մասը, որ սկսվում է Քարոնի նավի, դրա անձնակազմի ու ուղևորների հետ առեղծվածային հանդիպումից հետո, լիովին փոխհատուցում է սկզբում կրած տառապանքները ցայտուն կերպարներով, գրոտեսկային, բայց իրական պատմություններով, Սելինի սուր սարկաստիկ լեզվով։

«Դղյակից դղյակը» վերջանում է աննշան առօրեական դիպվածով՝ շարունակելով կենցաղային անհեթեթություններն, ասես կամուրջ գցելով դեպի եռագրության հաջորդ գիրք։

«Իմ կարծիքով, նրան չէր խանգարի մի քիչ փուքսն իջացնել։
― Լա՛վ․․․ լա՛վ․․․ բարի՛։
Այդ կնոջ հետ վիճելն անիմաստ է․․․»։

գրականություն

Առասպելներ աշխարհի արարման մասին


Անտամա ցեղի ժողովուրդը հավատում է, որ աշխարը ստեղծվել է պատահաբար, երբ Տոմբկա քառասնաչք աստված ծիծաղելուց խեղդվել է։ Այդ բազմահուշարձան ցեղն ունի «արարչախնդալ» բառը, որ ենթադրում է, թե ծիծաղով հնարավոր է ոչնչից ստեղծել գործնականորեն ամեն ինչ։ Իսկ արարչագործությունն անվանում են արարչախնդություն։ Անտամաներն նույնիսկ ասացվածք ունեն՝ «հռհռալ մինչև աշխարհ ստեղծելը»։ Ման գալով Սովինյան դաշտերում՝ դուք անպայման կհանդիպեք զարհուրելի փոքրիկ արձանիկները, որ տնկված են թփուտների արանքներում և պատկերում են երախբաց Տոմբկա աստծուն մահաբեր հռհռոցի կուլմինացիոն պահին։ Սույն սկզբից վախենում էր այդ ամենազարմանահրաշ դիրքերում սառած արարածներից, այնուհետև ընտելացավ դրանց հայտնվելուն ամեն քայլափոխին և մի քանի օր անց ինքն էր կատաղի հաչոցով հարձակվում որսի համար կատարյալ նշանակետ հանդես եկող փոքրիկ Տոմբկաների վրա։

Հարևան յուբակների ցեղի աշխարհաստեղծման մասին առասպելի համձայն աշխարհը ստեղծվել է անանուն մինուճար աստծո փռշտոցից։ Նրանք չունեն հատուկ բառ փռշտոցից աշխարհ արարելու գործընթացը բնորոշելու համար։ Նրանց համար աշխարհի ստեղծումը անկրկնելի, միանգամյա և անըմբռնելի միջադեպ էր։ Յուբակները նաև հավատացած են, որ խավարամիտ անտամները աստծո փռշտոցը ծիծաղի հետ են խառնել և այդպես էլ մինչ օրս մնում են անգիտության մեջ։ Ըստ յուբակների՝ աստված դեռ կենդանի է և ամեն անգամ փռշտալուց հետո ուշադիր զննում է թաշկինակի պարունակությունը՝ թե բա կարո՞ղ է մի նոր աշխարհել է ստեղծել։ Բայց ամեն անգամ ապարդյուն։ Յուբակներն սառը ատելությամբ և վսեմ արհամարհանքով են վերաբերվում անտամացիների՝ ամեն տեղ խփած արձանիկներին, որ իրենց մի թիզ հասակով նշում են սրբատեղերը։ Եվ եթե դուք հանդիպում եք գլուխը ջարդուփշուր եղած կամ փորի վրա շուռ եկած Տոմբակայի, կարող եք համոզված լինել, որ դա հայրենի դաշտերում շրջող մռայլադեմ յուբակի գավազանի գործն է։

Երբ ես նոր էի ծանոթացել այս երկու ցեղերին և շրջում էի մերթ՝ մեկին, մերթ՝ մյուսին պատկանող տարածքներում, ինչպես յուրաքանչյուր բնախույզ, փորձում էի ընդհանրություններ գտնել ամեն ցեղի առասպելի ու ցեղաբնակների բնավորությունների միջև։ Իմ աչքն էին ծակում ու հաստատում իմ ենթադրությունը կենսախինդ ու շատախոս անտամացիներն, որ պատրաստ էին ողջ գիշեր պատմել իրենց պապերի որսորդական արկածներից ու տատերի գրավիչ ու զվարթ բնավորությունից ու մռայլադեմ ու խոհերի մեջ խորասուզված կոնքերը տնկտնկացնելով քայլող դանդաղկոտ յուբակները։ Սակայն մենք հակված ենք նկատել այն, ինչ հաստատում է մեր մոլորություններն ու թեթև հոգով անտեսում ենք մեզ հակառակվող փաստերը։ Եվ ինչպես ասում էր իմ յուբակցի հավատարիմ ուղեկցորդը՝ լավատեսություն ճառագելով ու գիշատիչ ժպիտի միջից ողջ ատամները ցուցադրելով՝ «Փռշտում ես մեկ անգամ, իսկ աշխարհը մնում ա մեկընդմիշտ»։

Գրառումներ էնդեմիկ ցեղերի հավատալիքների մասին
«Իմ տևական ճանապարհորդությունն ու արկածները Սույ շանս հետ» գրքից
Ջերոնիմո Ս․ Դարել

չափածո, ցնդաբանություն

Խաղաղ է գիշերը


Սանդուղքը տանում էր վերնատուն։
Խաղաղ է գիշերը հարբելուց հետո։
Ես կնմանվեմ առասպելական հերոսներին,
որ փչում էին աստվածային փողերն
ու վերծանում չարագույժ կանխագուշակումներն։

Ձեռքդ տո՛ւր տեսնեմ։
սքրոլ սքրոլ սքրոլ
և իմ վերերկրայինից չմնաց ոչ մի բան

գրականություն, չափածո

Ոչ մի բան չեմ հասկանում


Մտա վարսավիրի մոտ, ասացի՝
հանգիստ
«Բարի եղե՛ք, ականջներս սանրեք»։
Հարթ վարսավիրը միանգամից փշոտեց,
դեմքը ձգվեց, ինչպես տանձի մոտ։
«Գի՛ժ,
Կյա՛ժ»―
թռվռացին բառերը։
Քֆրտոցը նետվում էր ծվոցից ծվոց,
և երկա֊ա֊ա֊ա֊ր
քրքջում էր մեկի գլուխը՝
ձգվելով ամբոխից, ինչպես մի ծեր բողկ։

Մայակովսկի, 1913
թարգմանություն

 

չափածո, օրագրային

սովետական կինոյին


Սովետական կինոյի կարճ պատմության
հաստափոր գրքով
պահում եմ պատուհանս,
որ չփակվի։
Երեկոյան քամիներն սկսվել են։
Մեկը կտարածի Տառկովսկուն,
ահա և ամառն անցավ։
Անծանոթ մի որդ
որ կրծում է պատուհանս
վերևից ներքև,
ու գոքը պատված է
սև կետիկներով արտաթորանքի։
Վերջացած տարին ամփոփելու
միշտ անավարտ մղումներ։
Ինչպես և չէր եղել։

Միշտ կգտնվի որդը,
որը կկրծի
պատուհանիդ փայտերը
ու կթորի
ներքև
վերևից ներքև։

գրականություն, չափածո

Առավոտ


Խոժոռ անձրևն աչքերն շլել,
իսկ
հստակ
ցանցից
այն կողմ
երկաթյա մտքի լարերի՝
ներքնակն էր։

Ու դրա
վրա
ելնող աստղերի
ոտքերն
դյուրին հենվեցին։

Բայց կոր֊
ծանումն ճրագների,
արքաների
գազի պսակում,
աչքը
խոցեց
գժտվող փնջով փողոցային պոռնիկների։

Ու զարհուրելի
կտցող ծիծաղը
կատակների՝
դեղին
թունոտ վարդերից
աճեց
զիգզագաձև։
Ժխորից,
վախից
անդին
նայելն
աչքին
բերկրանք է․
Տառապալից֊հանգսիտ֊անտարբեր
խաչերի ստրկին,
դագաղներն
տների
հասարակաց
արևելքն էր նետում մի այրվող թասի մեջ։

Մայակովսկի
1912

գրականություն, չափածո

Լսե՛ք


Լսե՛ք։
Ախր եթե աստղերը վառում են,
ուրեմն՝ դա ինչ֊որ մեկին պե՞տք է։
Ուրեմն ինչ֊որ մեկն ուզո՞ւմ է, որ դրանք լինեն։
Ուրեմն ինչ֊որ մեկն այդ թքիկներն անվանում է մարգարիտ։

Եվ հոգեմաշ
միջօրյա փոշու հողմերում,
Ներս է խուժում աստծո մոտ,
վախենում է, թե ուշացել է,
լացում է,
համբուրում նրա ջլոտ ձեռքը,
խնդրում է՝ ―
որ անպայմա՛ն աստղ լինի,
երդվում է՝ ―
չի դիմանա այս անաստղ տառապանքին։
Իսկ հետո
քայլում է տագնապած,
բայց հանգիստ արտաքուստ։
Ասում է ինչ֊որ մեկին․
«Չէ որ հիմա քեզ ոչի՞նչ։
Վախենալո՞ւ չէ։
Չէ՞»։
Լսե՛ք։
Ախր եթե աստղերը
վառում են,
ապա դա ինչ֊որ մեկին պե՞տք է։
Ապա անհրաժե՞շտ է,
որպեսզի ամեն երեկո
կտուրների վերևը
վառվի՛ գեթ մի աստղ։

1914
Մայակովսկի

չափածո

մարդ ես, պատահում


մա՛րդ ես
սահմանված;
սահմանով փակ;
ինչից քեզ հեշտ է մանիպուլացնել;
ինչո՞վ;
փողով՝
առաջին հերթին,
որովհետև հիմա՞ր ես;
նյե՜, որովհետև պարզապես,
ուղղակի չես ուզում չմանիպուլացվել;
համ անձայն ես;
դրանից վա՞տն ես;
չէ, պարզապես ես,
ամենքի պես, ամենքի հետևից
մանր ես շատ;
շատերն են մանր;
ինչից ես կառչում,
փորձում եմ, գտած
հաղթից

ու հարցը ոչ թե քո փողն ընտրելն ա, այլ այն, թե ոնց ես փորձում երեսդ պահել ու համարելով, որ փողն ընտրելը անբարոյական ա այս իրավիճակում, չես ասում՝ հա, դե խնդրում եմ էլի, ծռվի, տուժի, փող ա պետք, այլ ավելի անբարոյականանալով պնդում ես, ինքդ քեզ խաբում, թե դու ճշմարտի հետևից ես գնում, թե դա ոչ թե փողն ա քեզ ստիխում հավատալ կոնկրետ գաղափարների, այլ սկզբունքները։ լավ էլի

չափածո

Եվ ես իմ տաքուկ մարմնում


Եվ ես իմ տաքուկ մարմնում
Փայփայում էի խուլ ծուլությունը։
Քնկոտ զրնգում են շաբաթները,
Հավերժությունն է անցնում ստվեր։
Նորալուսնի քաչալ գլուխը
Կոծկված է ծխոտ թիկնոցով,
Քնկոտ վախտի նվագով
Իմ տունը ես կպսակեմ։
Փողոցի ականջը խուլ,
Պտտվում է կարուսելը։
Աստղերը՝ չար պառավներ
Ճոճում են օրերի օրորոցը։

Ալեքսանդր Վեդենսկի
թարգմանություն